Ժամանակը

     Կարծում եմ վերջերս բոլորիս հետ էլ պատահում է, երբ մնում ենք մենակ, չենք ունենում ոչինչ անելու և մեր կամքից անկախ սկսում ենք խորհել:
Մտածում ենք այնպիսի բաների մասին, որոնք մեր առօրյա զբաղվածության մեջ երբեք չեն գրավել մեր ուշադրությունը, որոնց մասին նույնիսկ մտածելը մեզ համար անմտություն է թվացել:
Բայց ստացվում է այնպես, որ գալիս է ժամանակ, երբ նույնիսկ ամենաուժեղ մարդիկ մտահոգվում են, բարկանում, հուզվում:
Ուժեղ մարդիկ բոլորի աչքին կայացած և հաջողակ մարդկանց կերպար են ձևավորում, մինչդեռ վստահ եղեք, նրանք էլ կարող են տխրել, հուսահատվել, նրանց վրա էլ շրջապատի իրադարձությունները կարող են ազդեցություն թողնել:

Ես բացառություն չեմ, ես էլ հաճախ սկսում եմ մտածել ու երազել այնպիսի բաների մասին, որոնք գոյություն չունեն և չեն էլ ունենալու: Եվ իհարկե հասկանում եմ, որ այդ ամենը անիմաստ ժամանակի կորուստ է:

 Լուսանկարը ՝ https://nationalpost.com/ 

Ժամանակ, որը ոչ ոքի չի սպասում, որը նենգաբար ծիծաղում է, հեգնում և քեզնից խլում կյանքիդ երիտասարդ տարիները: Նա սկզբում դրանք պարտքով է վերցնում, խոստանում, որ այսօր ծախսածդ յուրաքանչյուր րոպեն ապագայում փոխհատուցվելու է կրկնակի կամ եռակի չափով:
Սակայն, տարիներն անցնում են և այդպես էլ չի գալիս այդ ապագան, ինչքան նայում ես մեկ է ներկա է և վերջ:
Իսկ ժամանակը մի օր գալիս է քեզ հյուր, թակում տանդ դուռը և ցինիկ ժպիտը դեմքին տեղեկացնում, որ ժամանակդ սպառվել է, որ դու նրան այլևս պետք չես և այն խոստացված փոխհատուցումը երբեք էլ չես ստանալու, քանի որ դա անցյալում էր, իսկ հիմա ներկան է, իսկ ապագան այդպես էլ չի գալու:
Նա ասում է այս խոսքերը և առանց սպասելու պատասխանիդ մի բան էլ ինքն է դուռը փակում քո երեսին:

Ցավոք, այդպիսին է կյանքի օրենքը, հիշի՛ր, ժամանակը այդպես է վարվում յուրաքանչյուրիս հետ: Իսկ մենք տեսնելով, որ միայնակ չենք նման ծիծաղելի և խղճուկ իրավիճակում հայտնվել, ուղղակի համակերպվում ենք, կարծում ենք, որ սա է այն միակ ճշմարտությունը, որը տիրում է այս կյանքում:

Հետևելով այս ճշմարտությանը՝ մեզ դնում ենք ինչ-որ անմիտ սահմանագծերի մեջ և նույնիսկ մյուսներին թույլ չենք տալիս խախտել դրանք: Իսկ նրանք, ովքեր փորձում են չհնազանդվել, առաջ անցնել ժամանակից շատ դաժան են հատուցում, ձախողվում են, և ամեն մի նոր անհաջողություն նրանցից խլում է երազելու հատկությունը և մի քայլ էլ է նրանց հետ նետում իրենց երազանքից:
Մինչդեռ պետք է ամեն ձախողումից հնարավորինս շատ օգուտներ քաղել և կրկին առաջ սլանալ, քանի որ ամեն ձախողումից հետո կատարած քո քայլը ավելի կշռադատված և խելամիտ է լինում:

Լուսանկարը՝  www.thenigerianvoice.com
Լավ, բայց ինչպե՞ս ենք ապրում մենք՝ զարգացած և անընդհատ փոփոխվող հասարակության անդամներս:

Նվիրում ենք մեր լավագույն տարիները գյուտեր անելուն, տիեզերքի գաղտնիքները բացահայտելուն կամ ինքնակատարելագործվելուն: Բայց արդյունքն այն է, որ մեր ստեղծած գյուտերը խլում են մեր կյանքը, մոլագարի պես փորձում ենք ուրիշ մոլորակներ հայտնաբերել, մինչդեռ մեր իսկ սեփական մոլորակը չեն կարողանում պահպանել, կատարյալ լինելու համար հազար ու մի դիմակ ենք հագնում, առանց այն էլ այդքան տանջված և հոգնած դեմքներիս և ստիպում ինքներս մեզ հավատալ մեր ստեղծած կերպարին և դառնալ ժամանակի հերթական խամաճիկը, ձևական խոսքերով և ժպիտներով դուր գալ բոլորին:

Արվեստագետներին և հանճարների գնահատում ենք նրանց մահից հետո, սիրելիին՝ կորցնելուց, իսկ ինքներս մեզ... ա՜խ դա է մեր թերությունը, այն՝ որ մեզ այդպես էլ չենք գնահատում:

Ի՞նչ անել այս խառնաշփոթում:
Այս հարցի պատասխանը ես նույնպես չգիտեմ և չեմ էլ ուզում քեզ որևէ խորհուրդ տալ, հավատա՛, սա քեզ համար  « 100 բիզնես գաղտնիքներ » գիրքը չէ, չեմ ուզում խորհուրդներ տալ, որովհետև երբ հետևես խորհրդիս և այն քեզ չօգնի, հիշելու ես ինձ ու ինչե՜ր ասես, որ չես ասելու, մտածելու ես, որ իզուր ես ժամանակ վատնել իմ գրածների վրա: Սկզբում կարդացել ես, հետո մտապահել տվածս խորհուրդները, իսկ վերջում էլ դրանք 100% ճշմարտություն համարելով փորձել ես կրկնել քո կյանքում:
Ախր, ինչպե՞ս չես կարողանում հասկանալ, որ ինչպես պատմվածքներում յուրաքանչյուր աֆորիզմ վերաբերում է միայն և միայն գլխավոր հերոսի պատմությանը, այնպես էլ իմ խորհուրդները վերաբերում են իմ կյանքին, այն միայն ինձ համար է, իսկ դու ունես քո սեփական կյանքը, և քո ճիշտը:

Աշխատեցրո՛ւ ուղեղդ:

  • Ոչ ոք չի կարող հետաքրքիր դարձնել քո կյանքը, եթե դու չգտնես քո համար զբաղմունք:
  • Ոչ ոք չի կարող երջանկություն տալ քեզ, եթե դու ունակ չես այն զգալու:
  • Կյանքում ոչինչ չի կարող քեզ համար գեղեցիկ լինել, եթե դու չսահմանես քեզ համար գեղեցկության չափանիշները:
Իսկ վերջում ուղղակի հիշի՛ր.
Ոչ ոք չի կարող փոխել կյանքդ դեպի ավելի լավը, եթե դու ինքդ քո ներսում չցանես լավն ընկալելու ու այն կիրառելու սերմերը:


Քո վաղեմի բարեկամ՝ ՆԵՐՔԻՆ ՁԱՅՆ
Մինչ նոր հանդիպում
Սա-Սյու













Comments

  1. Անկեղծ ասած` շատ կուզենայի,որ այս գրառումը լիներ գույնզգույն և արևոտ,սակայն կարծես` գրել ես անձրևոտ եղանակին։🥰

    ReplyDelete
    Replies
    1. Դե մարդկանց տրամադրությունն էլ նման է եղանակին, միշտ փոփոխական է։
      Միշտ չէ, որ լինում է պայծառ 😁🙃🤗

      Delete
  2. Իրականում հիանալի մտքեր ունեք։😮

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Ի՞նչ է կյանքը

Թունելից մինչև հայելի

Ուղեղը