Ի՞նչ է կյանքը
Վստահ եմ՝ բոլորս էլ մեր անհատական պատկերացումները ունենք կյանքի մասին և այս հարցին կտայինք մի այնպիսի պատասխան, որը առաջին հայացքից կհնչեր, ինչպես մի հայտնի հանճարի ստեղծած թեորեմ:
Եթե նկարիչը պատասխաներ, ապա կարծում եմ կասեր հետևյալը.
- Քո կյանքը մի կտավ է, նկարի՛ր այնպես, ինչպես ցանկանում ես և մի՛ լսիր այն մարդկանց, ովքեր նկարել չգիտեն:
Իսկ հիմա պատկերացնենք բանաստեղծն է կարդում իմ այս հոդվածը, ահա՛, թե ինչ է պատասխանում.
- Մեր կյանքը մի պատմություն է, որը մենք ենք կարդում, որի սկիզբը չենք հիշում, իսկ ավարտի մասին նույնիսկ պատկերացում չունենք: Այսպիսով, անհրաժեշտ է ապրել այնպես, որ ոչ մեկիս կյանքի պատմությունն էլ կիսատ չմնա:
Իսկ գիտնականները բավարարվում են այս հարցին նման պարզ և չոր պատասխան տալով՝
- Կյանքը դա այն հատկանիշն է, որի միջոցով կենդանի օրգանիզմները արմատապես տարբերվում են անկենդան առարկաներից, և որը պարունակում է որոշակի ոչ ֆիզիկական տարրեր, որոնք հաճախ նկարագրվում են որպես «էական կայծ» կամ «էներգիա» հասկացություններով:
Չէ՛, մեկ է չեմ կարողանում համաձայնել գիտնականների տված սահմանումների հետ:
Մարդուն և նրա երևակայությանը չի կարելի տեղավորել անիմաստ և սառը սահմանումների մեջ:
Յուրաքանչյուրս մեզնից մի անհատականություն ենք ներկայացնում, մենք ոչ ոքի նման չենք, մեր մտքի թռիչքը սահմաններ չունի, և ոչ մի հետազոտական կամ վերլուծաբանական խումբ չի կարող հասկանալ և բացատրել մարդու առեղծվածը:
Մեր երկիր մոլորակը, ասես, անծայրածիր տիեզերք լինի, որտեղ կան շա՛տ ու շա՛տ բացահայտված և չբացահայտված մոլորակներ, դե այսինքն մոլորակներն էլ մարդիկ են:
Այ, օրինակ, դու գիտե՞ս, որ իրականում շատ լավ ես երգում, իսկ քույրդ և պապիկդ իսկապես նկարելու տաղանդ ունեն, տատիկդ, ասես, ֆիլմի դերասանուհի լինի, մայրիկդ՝ իսկական խոհարար, հայրիկդ՝ լուսանկարիչ:
Զարմանու՞մ ես: Աջակցի՛ր նրանց, համոզի՛ր, որ լրջորեն զբաղվեն իրենց սիրելի զբաղմունքներով, կտեսնես, թե վերջում բոլորդ էլ ինչքան գոհ կլինեք արդյունքից:
«Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով...»
Ավետիք Իսահակյան
Թերևս առանց երկար մտածելու էլ կարելի է հասկանալ, որ ընդամենը այս մի նախադասության մեջ է պարփակված մեր ամբողջ կյանքի նկարագրությունը:
Իրականում, կյանքը իրար հաջորդող գործողությունների մի շղթա է:
Մենք ծնվում ենք մի ակնթարթում և հենց այդ վարկյանն է, որ որոշում է մեր ամբողջ ճակատագիրը, և հենց այդ նույն պահին է, որ մենք, մեր փոքրիկ ձեռքերը լայն պարզած, լաց լինելով մուտք ենք գործում այս կյանք՝ մի առեղծվածային աշխարհ, որը լի է և՛ ուրախությամբ և՛ տխրությամբ:
Մեզնից ոչ ոք նախօրոք չի պլանավորում, թե որ օրը կամ որ ժամին պետք է լույս աշխարհ գա: Այսինքն ստացվում է, որ մենք ծնվում ենք ակամա:
Ապրել, իսկ դա ի՞նչ է:
Մարդու կյանքը երբեք չի կարելի գնահատել նրա ապրած կամ չապրած տարիների քանակով: Անհրաժեշտ է հայացք նետել նրա անցած ճանապարհի վրա, և իհարկե, գնահատել նրա կատարած լավ ու վատ գործերը:
Եկե՛ք փորձենք միշտ բարին ցանկանալ և լավ գործեր կատարել, չէ՞ որ, կյանքը լի է անակնկալներով, և ոչ ոք չգիտի, թե հաջորդ վայրկյանին իր հետ ինչ կկատարվի:
Երբ մեր կյանքի ընթացքում ինչ-որ լավ կամ վատ բան է կատարվում, մենք անմիջապես զարմանում ենք:
Կարողանալ զարմանալ, ահա, թե ինչն է մեզ հուշում, որ մենք ապրում ենք:
Այսպես մեկը մյուսի հետևից անհասկանալի և անբացատրելի երևույթներ, որոնք ուղեկցում են մեզ մեր կյանքի ընթացքում և ստիպում ապրել մի ամբողջ կյանք՝ զարմացած:
Սակայն, միակ բանը, որը հետ չես բերի՝ ժամանակն է: Տարիները թռչում են, մենք մեծանում ու մեծանում ենք և ի վերջո, մի օր հասկանում, որ հասել ենք մեր կյանքի մայրամուտին: Իսկ այդ ժամ, ինչ է մեզ մնում անել, եթե ոչ նստել ու մտաբերել մեր անցյալի լավ և վատ հիշողությունները: Այդ հիշողությունները տարիների ընթացքում կկուտակվեն և մեր մեջ կարթնացնեն մեր վաղեմի ընկերներից մեկին՝ կարոտին:
Կարոտ, որին մեր ապրած կյանքի յուրաքանչյուր օր հմուտ կերպով փորձում ենք թաքցնել մեր առօրյա ժպիտի հետևում:


Վերջում կնստենք ու կհիշենք մեր բոլոր այն ընկերներին ու հարազատներին, ում թողնելու ենք այստեղ ՝ Երկրի վրա, և այդ ժամ միայն կհասկանանք, որ մենք կարոտում ենք ոչ թե այն մարդկանց, ում վաղուց չենք տեսել, ովքեր վաղուց լքել են մեզ, այլ նրանց, ում ամեն օր տեսել ենք, սակայն, այդպես էլ չենք նվիրել այն փոքրիկ, բայց թանկարժեք ժամանակը, որին նրանք իսկապես արժանի էին:
Բայց ինչևէ, մենք այդ ամենը հասկանում ենք և սկսում գնահատել մեր յուրաքանչյուր վայրկյանը միայն այն ժամանակ, երբ չափազանց ուշ է լինում, և հետադարձի ճանապարհ էլ չի մնում:
Ու հենց այսպես էլ ապրում ենք մեր ամբողջ կյանքը՝
ակամա ծնվելով, զարմացած ապրելով և կարոտը սրտում հեռանալով:



Comments
Post a Comment