Թունելից մինչև հայելի

Աշխարհում ամենադաժանը անորոշությունն է, և այո՛, հիմա մենք ապրում ենք այդպիսի դաժան ժամանակներում: 
Շուրջդ ամենինչ անորոշ է, քեզ շրջապատում են մարդիկ, որոնց աչքերին նայելով տեսնում ես նույն հարցական հայացքները, միմյանց հետևից շարք կանգնած հարցեր, որոնք սպասում են իրենց պատասխաններին, սակայն կարծես ոչ ոք էլ չի պատրաստվում հնչեցնել պատասխանը: 

Ինչքա՞ն կշարունակվի այս իրավիճակը:
Ե՞րբ կկարողանանք ազատ շունչ քաշել:
Տնտեսությունը փլուզվում է, ի՞նչ լուծումներ եք առաջարկում:
Ե՞րբ կրկին կճանապարհորդենք և կհիանանք Երկիր մոլորակի հրաշալիքներով :
Հարցեր... հարցեր... հարցեր
Հարգելի՛ առողջապահության նախարար, կպատասխանե՞ք:
Մեծարգո պարոն վարչապետ,  իսկ դո՞ւք :
Լավ, մա՛մ, գոնե դու պատասխանի՛ր:
Չկան պատասխաններ . անորոշություն է:

Մարդկանց առաջ ձգում էր անորոշությունը, բայց հիմա կարծես մարդիկ իրենք են փախչում այն անորոշությունից, որում ապրում են:

Եթե դուք էլ տեսնեք մի երկար թունել, որի վերջում, ըստ Ձեզ, լույս կա, ապա անպայման հետաքրքրությունից ելնելով՝ կփորձեք ներս մտնել և հասնել Ձեր տեսած լույսին: Այն սկզբում անորոշ է, բայց եթե հասնեք լույսին, ապա արդեն պարզ և հստակ կլինի, թե որտեղից է գալիս այդ լույսը, ով է այն միացրել, կամ ինչքան պայծառ է այն:
Բայց մինչև այնտեղ հասնելը Դուք ստիպված կլինեք թունելի մուտքի մոտ թողնել  մարդկանց , ովքեր, ճիշտ  է, այն չէին առաջարկում, ինչ Դուք էիք պատկերացնում, բայց դրանք միանշանակ անորոշությունից լավ տարբերակներ էին:
Կամ ստիպված կլինեք թունելի ճանապարհին հանդիպած մարդկանց մերժել, անվանելով նրանց վախկոտներ, անհեռատեսներ, կամքի ուժ չունեցողներ: Կանվանեք այսպես, քանի որ կմտածեք, որ նրանք Ձեզ պես համառ են եղել սկզբում, բայց ճանապարհի կեսից, որոշել են հետ դառնալ, այդպես էլ չիմանալով, թե այդ անորոշությունից այն կողմ ինչ կա:

Բայց հնարավոր է, որ ճանապարհին բոլորին մերժելով, Ձեզ հաղթանակած և հզոր զգալով, ի վերջո, հասնեք թունելի այդ լույսին, ապա այս դեպքում կա երկու հավանական տարբերակ՝
1. կպարզվի, որ Դուք անիմաստ ժամանակ և ռեսուրսներ եք ծախսել, շատ մարդկանց նեղացրել և հասել եք լույսի թվացյալ աղբյուրին, այնինչ իրականում այն մի հայելի էր, որը անդրադարձնում էր թունելի սկզբում գտնվող մարդկանցից ճառագող լույսը:

2. Կամ էլ կարող է պարզվել, որ Դուք իսկապես հասել եք լույսին և այնտեղ գտնվում է Ձեր երազանքների կյանքը՝ իդեալական ընտանիք, հաջողված կարիերա, վստահելի ընկերներ: Կյանք, որի համար արժեր այսքան քայլել, այդքան մարդկանց մերժել : Բայց վստահ եմ, որ մինչև ներս մտնելը Դուք մի անգամ էլ եք հետ նայելու , մտքում ծիծաղելու եք այն մարդկանց վրա, որոնց ճանապարհին արդեն հանդիպել էիք, քանի որ նրանք այդպես էլ չտեսան այն կյանքը, որը Դուք եք բացահայտել:

Սակայն, իրական կյանքում մարդիկ ավելի հաճախ բախվում են թունելի վերջում դրված այդ հայելուն, քան թե լույսի միջով ներս են ցատկում դեպի իրենց երազանքների աշխարհ:



Մինչ նոր հանդիպում
Սա-Սյու

Comments

  1. Բարի առավոտ, ինչպես ես? Ես բրազիլացի եմ և իմ բլոգի համար փնտրում եմ նոր հետևորդներ: Նոր ընկերներ էլ են ողջունվում ՝ անկախ հեռավորությունից:

    https://viagenspelobrasilerio.blogspot.com/?m=1

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Ի՞նչ է կյանքը

Ուղեղը